Նորություններ
Բացառիկ հնարավորություն 18-ից 22 տարեկան երիտասարդների համար
20/01/2020Եվրոպական աերոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալությունը (Այսուհետ՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպություն) հայտարարում է Երիտասարդ Ավիացիոն Ցանց (“Young Aviation Network”, այսուհետ՝ YAN) ծրագրի մեկնարկը։
ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպությունը YAN ծրագրին մասնակցելու նպատակով անդամ պետություններին ընձեռել է մեկական մասնակից ունենալու հնարավորություն։
Ծրագրով նախատեսվում է սույն թվականի հուլիսի 1-ից 15-ը երիտասարդներին հյուրընկալելու ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպությունում (Բելգիայի թագավորություն, քաղաք Բրյուսել)։
YAN ծրագիրը նպատակաուղղված է ապագայում ուժեղ և արդյունավետ ավիացիոն ցանց ստեղծելուն ու միտված է երիտասարդներին ծանոթացնելու ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության աշխատանքներին, ավիացիոն բնագավառում առկա աշխատանքների տեսակներին և ծավալներին: Երիտասարդները հնարավորություն կունենան նաև այցելելու ավիացիոն ոլորտը ներկայացնող այլ միջազգային կազմակերպություններ և ծանոթանալու ավիացիոն ոլորտի լավագույն մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց աշխատանքային փորձով։ Վերոգրյալ ծրագիրը լավ հիմք է ստեղծում երիտասարդներին՝ իրենց հետագա աշխատանքային գործունեությունը ծավալելու համար։
ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպությունը փոխհատուցում է՝
• Ճանապարհածախսը,
• Շենգենյան վիզայի հետ կապված ծախսերը,
• Կեցության ծախսերը՝ ներառյալ նախաճաշը և ճաշը, որոնց համար կտրամադրվեն վաուչերներ, իսկ ընթրիքի համար օրեկան 25 ԵՎՐՈ:
Մասնակիցները պետք է ունենան շենգենյան վիզա և համապատասխան ճամփորդական և բժշկական ապահովագրություն:
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները պետք է ներկայացնեն կարճ զեկույց՝ ներկայացնելով իրենց փորձը, դիտարկումներն ու գաղափարները: Ակնառու զեկույցը կստանա մրցանակ ՝ շնորհելով լավագույնի կոչում:
Ծրագրի ավարտից հետո նրանց տրվելու է մասնակցության վկայական:
YAN ծրագրին մասնակցելու պահանջներն են՝
• Տարիքը՝ 18-22 տարեկան
• Կրթությունը՝ միջնակարգ և բարձր,
• Անգլերեն լեզվի բավարար իմացություն (ազատ շփում)
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը՝ ժամը 12:00-ը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե (zhenya.ter-vardanyan@gdca.am վերնագրում նշելով YAN ծրագիր) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
• Անձնագրի կրկնօրինակը ելքի վիզայի առկայությամբ,
• Փաստաթուղթ կրթության վերաբերյալ կամ տեղեկանք ուսումնական հաստատությունից,
• Ինքնակենսագրական անգլերեն լեզվով՝ ներառելով տեղեկատվություն առաջադիմության և առկայության դեպքում նվաճումների մասին,
• Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով՝ նշելով ծրագրին մասնակցելու նպատակները և ակնկալվող արդյունքները,
• 3x4 չափի լուսանկար,
• Արական սեռի դիմորդները պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ կամ տեղեկանք զինկոմիսարիատից ծրագրի ժամանակահատվածում երկրից բացակայելու հնարավորության վերաբերյալ:
Նախապատվությունը կտրվի ավիացիոն ոլորտով հետաքրքրվող թեկնածուին, ով նաև մտադրություն կունենա հետագայում աշխատել ավիացիոն ոլորտում:
Ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել (060) 43-42-05 հեռախոսահամարով: