ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետով և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի N 19 հավելվածի պահանջներն ապահո¬վելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. դեկտեմբերի 10-ի թիվ 1460-Ն որոշմամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետա¬կան ծրագիրը:
Ելնելով միջազգային ավիացիոն համակարգի անվտանգությունից և կարևորելով այդ համակարգի բոլոր մասնակիցների ջանքերը՝ ուղղված այդ անվտանգության բարձր մակարդակի պահպանմանը՝ Հայաստանի Հանրապետությունը ընդունում է այդ ուղղությամբ Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության և Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության փիլիսոփայությունն ու քաղաքականությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջնահերթությունը տրված է թռիչքների անվտանգությանը:
Թռիչքների անվտանգության ապահովումն ունի բացարձակ գերակայություն ավիացիայի բնագավառի գործունեության կոմերցիոն, սոցիալական և այլ բաղկացուցիչ¬ների նկատ¬մամբ ու այն պետք է շարունակականորեն ապահովվի՝ անկախ թռիչքների ծավալի աճից:
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է մշակել, ներդնել և շարունակականորեն բարելավել Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն գործառույթների անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված ռազմավարություններն ու քաղաքականությունը:
Առաջնորդվելով «անվտանգությունը առաջնային է» սկզբունքով` Հայաստանի Հանրապետությունը որդեգրում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում ռիսկերի հնարավորինս ցածր մակարդակը ապահովելու քաղաքականությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարտավորվում է.
• ներդնել և իրականացնել թռիչքային անվտանգության արդյունավետ, փաստերի վրա հիմնված պռոակտիվ կառավարում,
• ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ապահովված լինի անհրաժեշտ ռեսուրսներով և համապատասխան որակավորում ունեցող անձնակազմով` որպես թռիչքների անվտանգության վերահսկող մարմին իր պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով,
• ապահովել թռիչքների անվտանգության բարձր մակարդակը, վերահսկել ավիացիոն կազմակերպություններում` համաձայն սահմանված չափանիշների և պահանջների ԹԱԿ համակարգերի ներդրման գործընթացը,
• ապահովել թռիչքների անվտանգությանն առնչվող տեղեկատվության պահպանումը, խրախուսել այդպիսի տեղեկատվությունը ներկայացնողներին, ապահովել թռիչքների անվտանգության տեղեկատվության փոխանակումը ավիացիոն իշխանությունների միջև և ավիացիոն բնագավառում,
• աջակցել Հայաստանի Հանրապետությունում թռիչքների անվտանգության վերաբերյալ տեղեկատվության հավաքի և վերլուծության գործընթացին` ապահովելով տեղեկատվության պահպանումը և կիրառելով «արդարացի մշակույթի» սկզբունքը,
• ապահովել պատրաստվածությունը ավիացիայի ոլորտում ապագա զարգացումներին համապատասխան միջոցառումների մշակմամբ և պլանավորմամբ:
Թռիչքային անվտանգության քաղաքականության վերաբերյալ հայտարարություն