«Ավիացիայի մասին» օրենք
ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքն ուղղված է օդանավերի թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումներով հասարակական պահանջների բավարարմանը, ավիացիոն աշխատանքների, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շրջակա միջավայրի անվտանգության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովմանը, պետության շահերի պահպանմանը:
Բ Ա Ժ Ի Ն I
ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման և ավիացիայի բնագավառի գործունեության իրավական հիմքերը, ծառայություններին և ծառայություններ մատուցողներին ներկայացվող պահանջները, վերահսկողության մեխանիզմները և բնագավառի իրավական կարգավորման սկզբունքները:
Հոդված 2.
Օրենքի գործողության ոլորտը
1. Ավիացիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը ներառում է Հայաստանի Հանրապետության ցամաքային ու ջրային տարածքները, ինչպես նաև դրանց վրայի օդային տարածությունը (այսուհետ՝ օդային տարածք), իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Ավիացիոն գործունեություն է համարվում ավիացիայի զարգացմանն ու աջակցմանը, հասարակական պահանջների բավարարմանը օդային փոխադրումների, ավիացիոն աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ, ինչպես նաև օդանավակայանների ստեղծմանը և շահագործմանն ուղղված՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կազմակերպչական, արտադրական, գիտական և այլ գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սույն օրենքի դրույթները Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում տվյալ պահին օդանավի գտնվելու երկրի օրենքներին:
Հոդված 3.
Ավիացիայի գործունեության նորմատիվ կանոնակարգման սկզբունքները
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական կառավարման մարմինները, սույն օրենքի համաձայն, իրականացվող ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում՝
1) ավիացիային (բացառությամբ ռազմականի) առնչվող կամ դրա գործունեության վրա հնարավոր ներգործություն ունեցող կանոններ, կարգեր, հրահանգներ ու այլ իրավական ակտեր մշակելիս և ընդունելիս ապահովում են Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի դրույթներին (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) և, առավել հնարավոր չափով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին դրանց համապատասխանությունը.
2) կանոնակարգման գործընթացի պարզեցման և արագացման նպատակով իրավասու են ճանաչելու և կիրառելու ԻԿԱՕ-ի և քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից հրապարակված փաստաթղթերը, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին: Սույն կետում նշված փաստաթղթերն ապահովվում են ԻԿԱՕ-ի կողմից՝ աշխատանքային ճանաչված անգլերենով կամ ռուսերենով:
2. Սույն օրենքի իմաստով՝
1) կոնցեսիոն պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, ինչպես նաև ավիացիայի ոլորտում գործող պետական ոչ առևտրային կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կոնցեսիոներների միջև կնքված պայմանագիրն է և դրանում կատարված փոփոխությունները.
2) կոնցեսիոները «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներն է և այն անձինք են, որոնք լիազորված են շահագործելու և (կամ) կառավարելու այլ օդանավակայաններ կամ ավիացիայի ոլորտի այլ պետական ոչ առևտրային կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություններ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ռազմական ավիացիային վերաբերող, իր կողմից սահմանվող կանոնները և կարգերը քաղաքացիական օդանավերի ապահովությանը (թռիչքների անվտանգությանը) առնչվող մասով համաձայնեցնում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի հետ:
4. Սույն օրենքում ավիացիոն հասկացությունները, հապավումներն ու արտահայտություններն օգտագործված են դրանց հանրաճանաչ՝ միջազգայնորեն ընդունված իմաստով: Դրանց մանրամասն սահմանումները տրվում են սույն օրենքի հիման վրա ընդունվող իրավական ակտերում: Նշված իրավական ակտերն ընդունող մարմիններն ապահովում են հասկացությունների, հապավումների և արտահայտությունների սահմանումների առավել հնարավոր չափով համապատասխանությունն ԻԿԱՕ-ի հրապարակած միջազգային ստանդարտներում, առաջարկվող գործելաձևերում և ընթացակարգերում ներկայացրած սահմանումներին ու դրանց փոփոխություններին:
Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Շարունակությունը`