«Զվարթնոց»
Երևանի «Զվարթնոց» օդանավակայան
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը` Հայաստանի Հանրապետության գլխավոր օդային դարպասը շահագործման է հանձնվել 1980 թվականին:
Օդանավակայանը գտնվում է Երևան քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Օդանավակայանի աերոդրոմի վազքուղու երկրաչափական չափերը կազմում են 3850x56մ:
Միջազգային չափանիշերին համաձայն աերոդրոմը համապատասխանում է «4D» դասին: Աերոդրոմում տեղադրված նավիգացիոն համակարգն ապահովում է 30x300մ վայրէջքի օդերևութաբանական մինիմալ պայմանները, ինչը համապատասխանում է ԻԿԱՕ CAT II կարգախմբին: ՀՀ օրենսդրության և միջագային ստանդարտներին համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի աերոդրոմը սերտիֆիկացված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: Աերոդրոմի շահագործողատեխնիկական ցուցանիշերը թույլ են տալիս շահագործել Բոինգ 747, Էյրբաս 310, ԻԼ-86, ԱՆՏ-124, ԻԼ-62 և ցածր դասի օդանավեր:
1990-ական թվականների օդային բեռնափոխադրումների զգալի աճը հանգեցրեց բեռնային համալիրի կառուցմանը, որը շահագործման է հանձնվել 1998 թվականին և հնարավորություն է տալիս տարեկան սպասարկել շուրջ 100 հազար տոննա բեռ: Բեռնահամալիրում տեղադրված և շահագործվող ժամանակակից տեխնիկական միջոցներն ապահովում են բեռների ընդունմանը, պահպանմանը, մաքսային ձևակերպմանը և փոխադրմանը ներկայացվող արդի պահանջները:
2003-2005 թվականներ
Վերանորոգվել է աերոդրոմի տարրերի (վազքուղի, ղեկուղիներ, կառամատույց) արհեստական ծածկույթը և արդիականացվել է աերոդրոմի լուսաազդանշանային համակարգը` տեղադրվել է IDMAN նոր համակարգ: Բարձրացվել է վազքուղու արհեստական ծածկույթի կրողունակությունը:
2007 թվական
Վերազինվել է աերոդրոմի վթարափրկարարական ծառայությունը. ձեռք են բերվել ժամանակակից 3 հատ հրշեջ մեքենաներ:
2011 թվական
Շահագործման է հանձնվել սառնարանային բեռնահամալիրը, որի ծավալը կազմում է շուրջ 700 մ3:
Շահագործման է հանձնվել օդանավակայանի նոր ուղևորային համալիրը, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային չափանիշերին և հնարավորություն է տալիս տարեկան սպասարկելու շուրջ 3,5 մլն. ուղևոր: Նոր ուղևորային համալիրում գործում են VIP ուղևորների և պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահներ:
2012 թվական
Շահագործման է հանձնվել նախագահական սպասարկումների մասնաշենքը: «Զվարթնոց» օդանավակայանից շուրջ 35 միջազգային ավիաընկերությունների միջոցով իրականացվում են թռիչքներ դեպի ԱՊՀ, եվրոպական և ասիական մի քանի տասնյակ երկրներ:
2013 թվական
Դուբայում «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները: Անվանակարգերը տարբեր էին. «Աշխարհի լավագույն օդանավակայան», «Միջին Արեւելքի լավագույն օդանավակայան», «Եվրոպայի լավագույն օդանավակայան», եւ այլն: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, եւ Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» անվանակարգի քվեարկության արդյունքների, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել էր «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբաշխությանը» EMAA (Emerging Markets Airports Award):
2015 թվական
Վերանորոգվել է աերոդրոմի վազքուղու 1000 մետր երկարությամբ և 45 մետր լայնությամբ հատվածը. փոխարինվել է 9սմ հաստությամբ արհեստական ծածկույթի վերին շերտը: Վազքուղու վերանորոգման աշխատանքները կրում են շարունակական բնույթ, ինչն իրականացվում է փուլերով: Վազքուղուն կից կառուցվել է օդանավերի ետադարձի լրացուցիչ հրապարակ, որը նախատեսված է նվազեցնելու վազքուղու զբաղվածությունը՝ դրանով իսկ բարձրացնելով վազքուղու օգտագործման արդյունավետությունը և անվտանգությունը: