Միջազգային համագործակցություն
Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է հետևյալ ավիացիոն միջազգային կազմակերպություններին.
ICAO (ԻԿԱՕ) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն
Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան կնքվել է 1944 թ-ի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում` 52 երկրների միջև:
Ուժի մեջ է մտել 1947 թ-ին, կոնվենցիայի ստորագրմամբ հիմնադրվել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունը` ԻԿԱՕ-ն:
ԻԿԱՕ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոնրեալում (Կանադա):
ԻԿԱՕ-ի հիմնական նպատակներն են`
- թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովումը և միջազգային քաղաքացիական ավիացիայի զարգացումն ամբողջ աշխարհում,
- անդամ երկրներին պատկանող օդանավերի, օդանավակայանների, վազքուղիների զարգացման և այլ ավիացիոն գործնեության ապահովումը:
Հայաստանն ԻԿԱՕ-ից պարբերաբար ստանում է բոլոր այն նորմատիվ ակտերը և տեղեկատվությունը, որոնք կապված են ավիացիոն անվտանգության ապահովության, ուղևորների սպասարկման, ուղեբեռի, բեռի հետ, ինչպես նաև՝ այլ տեղեկատվություն միջազգային ավիացիայի գործունեության վերաբերյալ:
2005-2010 թվականը ԻԿԱՕ-ն առաջնահերթ որդեգրել է ռազմավարական զարգացում հետևյալ ուղղություններով` - ավիացիոն անվտանգություն
- թռիչքային անվտանգություն
- շրջակա միջավայրի պահպանում
- արդյունավետության բարձրացում
- շարունակականություն (ավիացիոն գործողությունների մեջ)
- ազգային օրենքների կիրառման ուժեղացում:
Հայաստանի Հանրապետությունն ԻԿԱՕ-ին անդամակցում է 1992 թվականից:
EASA (ԻԱԶԱ) Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալություն
ԻԱԶԱ-ն թռիչքային անվտանգության Եվրոպական միության գործակալություն է: Կազմակերպությունը ստեղծվել է 2002 թվականի հուլիսի 15-ին, գլխամասը գտնվում է Գերմանիայում:
Լիարժեք կազմակերպությունը սկսել է գործել 2008 թվականից, երբ այն անբողջությամբ ստանձնեց լիկվիդացված Միացյալ ավիացիոն իշխանությունների (JAA) լիազորությունները: Կազմակերպությանը անդամակցում են Եվրոպական ազատ առևտրի կազմակերպության (EFTA) անդամ երկրները:
Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության գործառույթների շարքում են՝ հետազոտություններ ավիացիոն անվտանգության ոլորտում, ավիաընկերություններին թույլտվությունների տրամադրում, օրենսդրական գործընթացի խորհրդատվություն, կանոնների պահպանման վերահսկում:
Հայաստանի Հանրապետությունն ԻԱԶԱ-ի հետ համագործակցում է 2009 թվականից:
ECAC (ԵԿԱԿ) Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանս
Քաղաքացիական Ավիացիայի Եվրոպական Կոնֆերանսը (ԵԿԱԿ) հիմնադրվել է 1955 թ-ին: Անդամակցում են 42 Եվրոպական երկրներ:
ԵԿԱԿ-ի հիմնական նպատակն է` ապահովել Եվրոպական երկրների օդային տրանսպորտի կայուն զարգացումը:
ԵԿԱԿ-ը իր անդամ պետություններին ապահովում է համապատասխան գրականությամբ և տեղեկատվությամբ:
Հայաստանի Հանրապետությունն ԵԿԱԿ-ին անդամակցել է 1996 թ-ից:
MAK (ՄԱԿ) Միջպետական ավիացիոն կոմիտե
ՄԱԿ-ը հիմնադրվել է 1991թ-ին` նախկին ԽՍՀՄ 12 պետությունների կողմից, «Օդային տարածքի օգտագործման և քաղաքացիական ավիացիայի մասին համաձայնագրի» ստորագրմամբ:
ՄԱԿ-ը հանդիսանում է անդամ պետությունների օդային տարածքի կազմակերպման և քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործադիր մարմին:
IATA (ԻԱՏԱ) Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա
ԻԱՏԱ-ն հիմնադրվել է 1945 թ-ին` Կուբայում:
Հիմնական նպատակն է ավիաընկերությունների միջազգային համագործակցության ապահովումը, մատուցված ծառայությունները անվտանգ, հարմարավետ և առավելագույն տնտեսական օգուտով սպառողներին մատուցելը:
Ներկայումս ԻԱՏԱ-ն ունի 189 անդամ երկրներ:
EUROCONTROL (ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ)
Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը` ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ-ը, համաեվրոպական կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը օդային երթևեկության սպասարկման միասնական եվրոպական համակարգի հիմնումն է:
Իր խնդիրների իրականացման նպատակով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության` ԻԿԱՕ-ի ընդհանուր բնույթ կրող միջազգային ստանդարտների հիման վրա ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ-ը մշակում է աերոնավիգացիոն բնագավառի եվրոպական պահանջները, միջազգային ստանդարտների ներդրման մանրամասն ընթացակարգերը և տեխնիկական ուղեցույցները:
Կազմակերպությունն իրականացնում է աերոնավիգացիոն բնագավառի տեխնիկական զարգացման, օդային երթևեկության կառավարման գործընթացների և թռիչքների անվտանգության հարցերին առնչվող միջոցառումների համալիր եվրոպական ծրագրի մշակումը և անդամ երկրներում դրա ներդրման աշխատանքների կոորդինացումը:
ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ-ն անդամ երկրների համար ապահովում է.
- Միջազգային օդային մայրուղիների ցանցի համատեղ մշակումը և օդային երթևեկության հոսքերի բաշխումը:
- Վերը նշված ծրագրի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական, մասնագիտական ու մեթոդական օժանդակություն:
- Օդային երթևեկության սպասարկման դիմաց օտարերկրյա ավիաընկերություններից վճարների գանձումը և անդամ երկրի համապատասխան կազմակերպությանն այդ գումարների փոխանցումը:
- Կարգավարական, ինժեներական մասնագետների և ղեկավար կազմի անվճար պատրաստումն ու վերապատրաստումն իր ուսումնական կենտրոնում և այլն:
Հայաստանի Հանրապետությունը ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ-ին անդամակցում է 2006 թվականից: