Ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացում
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը (այսուհետ` կարգ) սահմանում է թռչող սարքերով Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման ընթացակարգերը:
2. Կարգի իմաստով.
1) Հատուկ բնույթի թռիչքներ են հանդիսանում.
ա. գյուղատնտեսության և շինարարության կարիքների համար թռիչքները,
բ. դիտարկումների համար թռիչքները,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 188-Ն որոշմամբ հաստատված «Թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկ»-ով սահմանված թռիչքները,
դ. օդապարիկներով, սավառնակներով, դելտապլաններով, պառապլաններով, դիրիժաբլներով և հեռակառավարվող անօդաչու համակարգերով թռիչքները.
2) Ուսումնական թռիչքներ են հանդիսանում ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների համար սահմանված մասնագիտական գիտելիքների և հմտությունների ուսուցման, պահպանման և բարձրացման նպատակով օդանավերով, օդապարիկներով, սավառնակներով և դիրիժաբլներով իրականացվող թռիչքները: Դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համապատասխան թույլտվություն ունեցող ուսումնական հաստատություններում կամ ֆիզիկական անձանց կողմից կազմակերպվող դասընթացների ընթացքում` թռիչքային պատրաստվածության թռիչքների և աերոդրոմային վարժանքների միջոցով:
2. ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
3. Թռչող սարք շահագործողը պատասխանատու է տվյալ սարքի անվտանգ թռիչքային, տեխնիկական շահագործման համար` թռչող սարքը արտադրողի կողմից սահմանված պահանջների չափանիշներին համապատասխան:
4. Հատուկ բնույթի թռիչքները իրականացվում են յուրաքանչյուր այդպիսի թռիչքի համար նախատեսված թռչող սարքերով:
5. Հատուկ բնույթի թռիչքների ժամանակ չի թույլատրվում կատարել օդանավավարության բարդ (աերոբատիկ) վարժություններ:
6. Գյուղատնտեսության և շինարարության կարիքների, դիտարկումների համար, ինչպես նաև օդապարիկներով, դիրիժաբլներով, սավառնակներով թռիչքներ իրականացնող մարմինները, կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք թռիչքներից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ սույն կարգի Ձև 1-ով սահմանված հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` Գլխավոր վարչություն):
7. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) Չիկագոյի կոնվենցիայի Հավելված 1-ով սահմանված օդաչուի կամ օդաչուների համապատասխան վկայականների և բժշկական սերտիֆիկատների պատճենները, իսկ հեռակառավարվող անօդաչու համակարգի դեպքում` հեռակառավարող անձի տվյալները.
2) օդանավ շահագործողի վկայականը, կամ թռչող սարքի գրանցման, կամ հաշվառման վկայականը.
3) թռչող սարքի վարձակալության կամ օգտագործման պայմանագիրը, եթե հայտատուն չի հանդիսանում տվյալ թռչող սարքի սեփականատեր.
4) թռչող սարքի տիպի կամ նմուշի սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է համապատասխան իրավասություն ունեցող անձի կողմից.
5) թռչող սարքի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է համապատասխան իրավասություն ունեցող պետական մարմնի կամ տվյալ թռչող սարքը արտադրող կազմակերպության կողմից.
6) տեղեկատվություն` տվյալ թռիչքների ընթացքում, թռչող սարքի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին.
7) թռչող սարքի արտադրողի կողմից մշակված` օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը, եթե այդ թռչող սարքի վերաբերյալ չկան լիարժեք տեղեկություններ.
8) թռիչքների ծրագիրը.
9) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության սերտիֆիկատները.
10) ավիացիոն անվտանգության ծրագիրը:
8. Անհրաժեշտության դեպքում` Գլխավոր վարչության պահանջով դիմողը ապահովում է թռչող սարքի ֆիզիկական վիճակի ուսումնասիրությունը Գլխավոր վարչության կողմից:
9. Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումների կողմից հարցում է կատարվում վկայական տվող պետության ավիացիոն իշխանություններին` տվյալ թռիչքային անձնակազմի անդամի վկայականի և դրանում նշված որակավորման նիշերի համապատասխանության, թռչող սարքի գրանցման (հաշվառման), օդանավին, օդանավ շահագործողին տրված վկայականների (թույլտվությունների) վավերականությունը ճշտելու նպատակով:
10. Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումները հայտի վերաբերյալ կարծիքները թռիչքից առնվազն 1 աշխատանքային օր առաջ ներկայացնում են Գլխավոր վարչության թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան ստորաբաժանմանը, որը դրանք ամփոփում է և դրա արդյունքում Գլխավոր վարչության թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձի կողմից թռիչքից առնվազն 8 ժամ առաջ Հայտատուին տրամադրվում է սույն կարգի Ձև 3-ով սահմանված թույլտվությունը կամ հայտը մերժվում է: Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Թույլտվության դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է Գլխավոր վարչության կենտրոնական կարգավարական ծառայությանը և կատարվում է համապատասխան ծանուցում հայտատուին:
11. Հայտը մերժվում է`
1) եթե հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում կան թերություններ և անհամապատասխանություններ, որոնք ազդում են թռիչքային/ավիացիոն անվտանգության կամ թռիչքների կազմակերպման պահանջների ու պայմանների վրա.
2) եթե Կարգի 9-րդ կետում նշված հարցման արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են:
12. Թույլտվություն ստացած կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք տվյալ թռիչքների վերաբերյալ` նշելով թռիչքի իրականացման շրջանները կամ թռիչքային սխեմաները, սկիզբը և ավարտը տեղեկացնում են թռիչքից 2 ժամ առաջ օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնին, որը ապահովում է տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներին: Օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնը ստանալով վերոնշյալ տեղեկատվությունը այն տրամադրում է նաև օդային երթևեկության սպասարկման թռիչքների ղեկավարին և կենտրոնական կարգավարական ծառայությանը: Եթե տվյալ թռիչքների համար նախատեսվող օդային տարածքում վերը նշված մարմինների կողմից ներկայացվում են առարկություններ, որ առկա են թռիչքը խոչընդոտող հանգամանքներ, ապա դրա մասին անհապաղ տեղեկացվում է դիմողին և չի թույլատրվում թռիչքը մինչև այդ արգելքների կամ խոչընդոտների վերացումը:
13. Օդապարիկներով, դիրիժաբլներով և սավառնակներով թռիչքների պահանջները սահմանվում են Գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանով հաստատված ԱՐՄ-ԷՅՐ-ՔՐՈՒ (ARM-AIR-CREW) և Գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանով հաստատված «Կոմերցիոն օդանավերի շահագործում» ԱՐՄ ԷՅՐ ՕՊՍ կանոնակարգերով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 188-Ն որոշմամբ հաստատված «Թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկ»-ով թռիչքներ իրականացնող մարմինները տվյալ թռիչքն իրականացնելուց անմիջապես առաջ պետք է այդ մասին տեղեկացնեն օդային տարածքի կազմակերպման միավորներին, օդային երթևեկության սպասարկման (թռիչքների կառավարման) համապատասխան մարմիններին և հակաօդային պաշտպանության ուժերին: Նշված մարմինները ձեռնարկում են բոլոր միջոցները` տվյալ թռիչքի օդային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար:
15. Սպորտային և սիրողական նպատակով դելտապլաններով, պառապլաններով, և հեռակառավարվող անօդաչու համակարգերով թռիչքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից սահմանված` չկառավարվող օդային տարածքում կամ Գլխավոր վարչության կողմից հատկացված օդային տարածքներում` պարզ և վիզուալ օդերևութաբանական պայմաններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ նշված թռիչքների համար արգելված օդային տարածքներում: Թռիչքների մասին տեղեկացումը թռչող սարքի շահագործողի կողմից իրականացվում է սույն կարգի Ձև 5-ով պահանջվող տեղեկությունների ցանկի համաձայն, թռիչքից 2 ժամ առաջ օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնին, որը ապահովում է տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներին: Օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնը ստանալով վերոնշյալ տեղեկատվությունը այն տրամադրում է նաև օդային երթևեկության սպասարկման թռիչքների ղեկավարին և կենտրոնական կարգավարական ծառայությանը: Եթե տվյալ թռիչքների համար նախատեսվող օդային տարածքում վերը նշված մարմինների կողմից ներկայացվում են առարկություններ, որ առկա են թռիչքը խոչընդոտող հանգամանքներ, ապա դրա մասին անհապաղ տեղեկացվում է դիմողին և չի թույլատրվում թռիչքը մինչև այդ արգելքների կամ խոչընդոտների վերացումը:
16. Հեռակառավարվող անօդաչու համակարգերով թռիչքները, Զվարթնոց, Շիրակ և Էրեբունի աերոդրոմների թռիչքի/վայրէջքի ուղղություններով տեղորոշիչ կետից մինչև 7 կմ հեռավորություն և անմիջապես օդանավակայանի տարածքում կարող են իրականացվել միայն Գլխավոր վարչության կողմից հատուկ թույտվության առկայության դեպքում:
17. Կառավարվող և չկառավարվող օդային տարածքում հեռակառավարվող անօդաչու համակարգերով (մինչև 5 կգ քաշ ունեցող) թռիչքները կարող են իրականացվել ոչ ավելի քան 50 մետր (հարաբերական բարձրություն), առանց Գլխավոր վարչություն հայտ ներկայացնելու և սույն կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկացմանը:
ՀՀ-ում հատուկ բնույթի թռիչքների իրականացման թույլտվության ստացման հայտ
ՀՀ-ում ուսումնական թռիչքների իրականացման թույլտվության ստացման հայտ
ՀՀ-ում հատուկ բնույթի թռիչքների իրականացման թույլտվություն