Նորություններ
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն ընդունել է Germania ավիաընկերության ներկայացուցիչներին
31/08/2016Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետություն ժամանած Germania ավիաընկերության եկամուտների կառավարման և երթուղիների ցանցի զարգացման տնօրեն Քլաուս Ալետենբուրգին և ավիաընկերության վաճառքի մենեջեր Ֆլորիան Ստահլին:
Սերգեյ Ավետիսյանն ավիաընկերության ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև՝ դեպի Եվրոպա, մասնավորապես՝ Գերմանիա, արդյունավետ ուղևորափոխադրումների իրականացման համար անհրաժեշտ տվյալները:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են ավիաընկերության կողմից հայկական շուկայի սպասարկման հնարավորությունները և դրան նպաստող առաջիկա գործողությունների ծրագիրը:
Գերմանական պատվիրակությունն իր հերթին ներկայացրել է ավիաընկերության կողմից սպասարկվող երթուղիների աշխարհագրությունը՝ նշելով, որ դեպի ՀՀ չվերթների իրականացման հնարավորությունը գտնվում է առաջիկա ծրագրերի շրջանակներում:
Հանդիպման ավարտին Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ ՀՀ և Գերմանիայի միջև օդային հաղորդակցությունների շահագործումը կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև՝ կխթանի առևտրային և տնտեսական կապերի ընդլայնմանը: