Նորություններ
ՔԱԳՎ պետն ընդունել է «Լյուֆթանզա գրուպ» ընկերության ներկայացուցիչներին
30/05/2017ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Սմբատյանը մայիսի 30-ին ընդունեցին «Լյուֆթանզա գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում կապի գրասենյակի տնօրեն Ռոլանդ Շուլցին, Ուկրաինայում, Բելառուսիայում, Վրաստանում և ՀՀ-ում առևտրի գլխավոր մենեջեր Ռենե Կոյինզակին և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում «Ավստրիական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչ Նովիկա Մռկովիչին:
Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով և շնորհակալություն հայտնելով գործընկերներին հանդիպման առաջարկն ընդունելու համար, ներկայացրեց Հայաստանում ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացված և իրականացվող ծրագրերը: ՔԱԳՎ պետը կարևորեց նաև ԵՄ-ի և ՀՀ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագիրը, որը կարևոր ազդեցությունը կունենան նաև ՀՀ ավիացիոն շուկայում արդեն երկար տարիներ գործող «Լյուֆթանզա գրուպ» ընկերության «Ավստրիական ավիաուղիներ» և «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունների՝ դեպի Հայաստան չվերթների իրականացման ծրագրի ընդլայնման գործում:
Գերմանացի գործընկերները ևս իրենց շնորհակալությունը հայտնեցին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ կուսումնասիրեն հայկական շուկան՝ առավել լայն գործունեություն ծավալելու նպատակով, ինչպես նաև՝ կքննարկեն ցերեկային ժամերին ևս թռիչքներ իրականացնելու հնարավորությունը: